Դսեղ համայնքը գտնվում է ՀՀ Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանի վարչական տարածքում, Երևան-Վանաձոր-Թբիլիսի մայրուղուց 8կմ հեռավորության վրա, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա: Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 28 կմ է, Երևանից` 145 կմ: Գյուղը հյուսիսից սահմանակցում է Քարինջի, Թումանյանի և Ծաթերի համայնքային հողերին, արևելքից` Դսեղի անտառտնտեսության, իսկ արևմուտքից` Գուգարքի անտառտնտեսության անտառային հողերին:

Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2186մ բարձրությունների վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում:

Համայնքի վարչական տարածքը 01.07.2011թ. տվյալներով կազմում է 3901 հա, որից բնակելի կառույցների տակ 150 հա, պահուստային հողեր 103հա,  գյուղատնտեսական նշանակության  հողեր 2096 հա,   արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողեր 256,2 հա, բնապահպանական, առողջապահական, հանգստավայրերի, մարզական և պատմամշակութային նշանակության հողեր 60,2 հա,  անտառային և ջրային ֆոնդի հողեր 1525,1 հա:

Համայնքի բնակչության թիվը 2607 մարդ է (1226 արական, 1381 իգական), տնտեսությունների թիվը 728, թոշակառուների թիվը 400, նպաստառուներինը` 71 մարդ: Համայնքի վարչական տարածքում գործում են մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 305 աշակերտներ (38 ուսուցիչ), մանկապարտեզ, առողջության կենտրոն, մշակույթի տուն, քարի մշակման 4 արտադրամասեր և 12 խանութ-կրպակներ: Համայնքում  գործում են խմելու ջրի  2 ջրավազաններ, յուրաքանչյուրը 500 խմ տարողությամբ:

Թեև գյուղը գազաֆիկացված է և տնտեսությունների մոտ 95%-ը ապահովված է բնական գազով, սակայն բնակիչների մեծ մասը ջեռուցման նպատակով օգտագործում է  վառելափայտ, որը համեմատաբար էժան է (թափուկ):

Համայնքի բնակչության եկամտի աղբյուրը անասնապահական և բուսաբուծական մթերքների արտադրությունն է: Համայնքում հաշվառված է 1141 խոշոր եղջերավոր անասուններ, 383 գլուխ խոզեր,  484 ոչխարներ, 26 այծեր,  586 մեղվափեթակներ, թռչուններ` 3320 թև և 81 հատ ձի:

Գյուղի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40050° և արևելյան երկայնության 44048°: Դսեղի հարևանությամբ՝ Լոռու ձորի մեջ, Փամբակ գետը խառնվում է Ձորագետին՝ սկիզբ դնելով Դեբեդին:

Դսեղի սարավանդը հարավարևելքից ավարտում է Լոռու դաշտը և բուն սարահարթից բաժանված է Լոռու գեղատեսիլ ձորով:

Տեղանքը երկրաշարժային ակտիվ գոտի է: Լոռու մարզի արևելյան մասը գտնվում է 8-9 բալ ուժգնությունունեցող երկրաշարժային գոտում: Իրենց ավերիչ հետևանքներով հայտնի են 1319թ. Անիի, 1828թ.և 1834թ.Փամբակի հովտի, 1868թ. 1926թ. Գյումրիի, և 1988թ. Սպիտակի երկրաշարժերը: Չնայած Դսեղը երկրաշարժերի էպիկենտրոններից 40-80կմ հեռու է գտնվել, այնուամենայնիվ կրել է դրանց ազդեցությունը:

Օգտակար հանածոները

Դսեղը գտնվում է Ալավերդու հանքաբեր գոտու Մարցիգետ – Պրիվոլնոյե ենթազոնայի շրջանում: Հրաբխային նստվածքային գոյացություններում կան կապար, ցինկ, պղինձ, երկաթ պարունակող բազմաթիվ երակներ: Մարցիգետի ավազանում կան անագի հարուստ պաշարներ: Ճիշտ է, անագի արդյունահանման մասին տեղեկություններ չեն պահպանվել, բայց երկաթի ձուլման հետքեր են նկատվել Չաթինդաղ լեռան արևմտյան լանջերին և Դեբեդի աջ ափին՝ Դսեղի գյուղի շրջակայքում:

Ագրոկլիմայական պայմանները

Լոռին աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ  կլիմայով: Տարվա մեծ մասը տարածաշրջանը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին, որոնք բերում են առատ տեղումներ: Տեղումների քանակը մեծ է հատկապես մայիս-հունիս ամիսներին: Ամռան երկրորդ կեսին և աշնանը Լոռիում գերակշռում է ցածր խոնավությամբ արևադարձային տաք օդը:

Երաշտ լինում է հազվադեպ: Բուսականության նորմալ աճի համար խոնավությունը բավարար է, որի շնորհիվ էլ հանդերն ու սարերը մինչև խոր աշուն ծածկված են փարթամ կանաչով:

Ձորագետի և Մարցիգետի ստորին հոսանքների կլիման չափավոր չորային է և շոգ: Ձմեռը մեղմ է: Մթնոլորտային  տեղումների  քանակը տարեկան չի անցնում 600մմ-ից:

Անսառնամանիք օրերի թիվը Դսեղում մոտ 220 օր է, ձյան ծածկույթը, որը կարող է պահպանվել մինչև ապրիլի կեսերը, հասնում է 80սմ:  Կլիման նպաստավոր է մարդկանց առողջության և հանգստի համար: